Երևանում բռնկված հրդեհի հետևանքով մայրաքաղաքի երկինքը պատվել է ծխի թանձր շերտով: Այս հանգամանքն այսօր անհանգստացրել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով կառավարության նիստի ընթացքում հնարավոր բնապահպանական վտանգի վերաբերյալ հարց է ուղղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Վարչապետի մտավախությանն ի պատասխան նախարարը վստահեցրել է, որ «Նախնական տեղեկություններով», նման վտանգ չկա:
Հիշեցնենք, երեկ կիսգիշերին մոտ հրդեհ է բռնկվել Արշակունյաց փողոցում գտնվող «Սպայկա» ընկերությանը պատկանող եռահարկ շենքում: Հրշեջներին մինչև հիմա էլ չի հաջողվում մարել հրդեհը, որն ընդգրկել է շենքի ողջ տարածքը` 4500 քմ մակերեսով: Ինչի հետևանքով թանձր ծխի շերտ է առաջացել հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածի վրա:








































