Իսլամական հեղափոխության առաջնորդը կարծում է, որ Իրանի ժողովրդի նպատակը բարեպաշտ և հեղափոխության գաղափարներին հավատարիմ նախագահ ընտրելն է: Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է Mehr գործակալությունը:
Խամենեին ասել է, որ այդ նպատակն ակնհայտ կդառնա ընտրություններին ժողովրդի խանդավառ և ակտիվ մասնակցությունից հետո:
Իրանի բարձրագույն առաջնորդի խոսքերով՝ նախագահի թեկնածուն պետք է պատրաստ լինի պաշտպանել երկրի արժանապատվությունը և հավատարիմ մնալ Իսլամական հեղափոխության գաղափարներին:
Խամենեին նշել է, որ ընտրողները պետք է ուշադրություն դարձնեն նաև այն կարգախոսների վրա, որոնք թեկնածուները հնչեցնում են, սակայն իրականացնել չեն կարող:
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար 350 մարդ առաջադրել է իր թեկնածությունը, որոնցից միայն 36-ն են հայտնի քաղաքական կամ հասարակական գործիչներ:
Մայիսի 12-16-ն Իրանի Պահապանների խորհուրդը կքննարկի հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու յուրաքանչյուր թեկնածուի իրավունքը։
Իրանի ՆԳ նախարարությունը հաստատված թեկնածուների անունները կհրապարակի մայիսի 22-23-ը:
Իրանի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով:










































