ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն միշտ համագործակցել է այլ քաղաքական ուժերի հետ: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ հինգ պատգամավոր ունեցող ՀՅԴ խմբակցության համար երեք նախարարության պորտֆելը շատ չէ՞ արդյոք, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքը պատգամավորների թվով չի չափում հասարակության մեջ կուսակցության հեղինակությունն ու ազդեցությունը: «ՀՅԴ-ն ունի կուսակցական աշխատանքի փորձ և թեկուզ փոքր, բայց կայուն ընտրազանգված: Մնացած բոլոր կուսակցությունները ստեղծվել են ՀՀՇ-ի բեկորներից, և նրանց պայքարը եղել է լոկ իշխանության համար»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Լեռնիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ քաղաքական դաշտում գաղափարախոսության և սկզբունքների պակաս կա, ինչն էլ աղճատում է քաղաքական դաշտը:
«Եթե քաղաքական դաշտն աղճատվում է, բնականաբար դա ազդում է բոլորի վրա, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ի վրա, որովհետև եթե օդում բացիլ կա, չեն կարող չվարակվել»,- նշեց Լ. Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀՀՇ-ի գաղափարախոսությունը եթե նույնիսկ մի քիչ դեֆորմացվել է, համենայնդեպս կմախքը պահպանվել է:
Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ գաղափարները հնարավոր է «վնասազերծել» միայն գաղափարներով. «Հնարավոր չէ փողով, վարչական ռեսուրսներով գաղափարը ոչնչացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































