ԴԱԻՇ-ը շարունակում է նավթ վաճառել, որը կազմում է խմբավորման ստացած միջոցների հիմնական ծավալը՝ չնայած ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ավելի վաղ ընդունած բանաձևին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:
Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ Ֆելթմանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ն ունակ է արագ և արդյունավետ հսկայական ռեսուրսներ մոբիլիզացնել:
«Ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են՝ օկուպացված տարածքների նավթի և այլ բնական ռեսուրսների օգտագործումը, «հարկերի» հավաքումը, բռնագրավումը, հնագիտական աշխատանքների վայրերի թալանը, արտաքին նվիրատվությունները, փրկագնի գումարները (գերիների) և այլ ֆինանսական սխեմաներ, ինչպես, օրինակ, համացանցի և սոցցանցերի օգտագործումը միջոցների հավաքման համար»,- հայտարարել է Ֆելթմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ նիստից առաջ տարածած զեկույցում ասվում է, որ 2015թ. ԴԱԻՇ-ի եկամուտների ծավալը նավթի և նավթամթերքների վաճառքից կազմել է 400-500 մլն դոլար:
ՄԱԿ ԱԽ-ն դեկտեմբերի 17-ին բանաձև է ընդունել, որը պետություններին պարտավորեցնում է պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ, մասնավորապես՝ սառեցնել ակտիվները, արգելել մուտքն ու տրանզիտը, կանխել այն անձանց և կազմակերպություններին զենքի ուղիղ կամ անուղղակի մատակարարումները, որոնք կընդգրկվեն Անվտանգության խորհրդի պատժամիջոցային ցուցակում:









































