Աֆղանստանում վրացի խաղաղապահների բազայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով երեք խաղաղապահներ են զոհվել, նրանցից մի քանիսն էլ վիրավոր են: Այս մասին այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նախարարը նշել է նաև, որ «սա Աֆղանստանում վրացի խաղաղապահների վրա նրանց այնտեղ գտնվելու պահից ամենամասշտաբային հարձակումն էր»:
«Խաղաղապահների բազայի վրա այսօր հարձակվել է մահապարտ-ահաբեկիչը, ինչպես նաև գրոհայինների մի ամբողջ խումբ: Արդյունքում բոլոր ծայրահեղականները ոչնչացվել են, խաղաղապահներն ամբողջությամբ վերահսկում են իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքը»,- նշել է Ալասանիան:
Վրացի խաղաղապահներն Աֆղանստանում են գտնվում 2009 թ. նոյեմբերից: 2012 թ. աշնանից նրանց թիվը 175-ից ավելացել է մինչև 1600:
3,5 տարվա ընթացքում Աֆղանստանում 22 վրացի զինծառայող է զոհվել:










































