Հասարակությունը պետք է պատրաստ լինի, որպեսզի ՀՀ-ում լուրջ ընդդիմություն ձևավորվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների և Երևանի ավագանու ընտրությունների մասին:
Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունները հերթական լուրջ առաջընթացն արձանագրեցին: Թեև 100 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարվեց, բայց հաստատվեց, որ ընտրությունների վերաբերյալ զազրախոսություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ իրենց ուժեղ թիմ ներկայացնող քաղաքական ուժերը չկարողացան որևէ լուրջ փաստարկ ներկայացնել ընտրախախտումների վերաբերյալ, իսկ ընտրակաշառքների վերաբերյալ դիտորդների եզրակացության մեջ տեղ գտած ակնարկները ևս փաստեր չեն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Գալուստ Սահակյանը կարծում է, որ ստացած արդյունքների համար ընդդիմությունը մեղքն իր մեջ պետք է փնտրի: «Եթե չկա ընդդիմություն, չկա լիարժեք կառավարման մոդել, կառավարման մոդելը կիսատ է մնում: Այսօրվա ընդդիմությունը ասոցացվում է որպես միտինգ անող ընդդիմություն, միտինգներ են անում, հետո հերոսացվում, հետո ընտրություններն ավարտվում են, հուսախաբությունն է հետևում, մարդիկ հուսահատ վերադառնում են տուն: Ինքը՝ հասարակությունը, պետք է պատրաստ լինի, որպեսզի ՀՀ-ում ձևավորվի նոր լուրջ ընդդիմություն, իսկ իշխանությունը կաջակցի դրան, քանի որ Հայաստանում այսօր ընդդիմության դաշտը զրոյացված է, ընդդիմություն չկա, չեն էլ փորձում միասնական ճակատով հանդես գալ ո՛չ ԱԺ, ո՛չ նախագահական, ո՛չ քաղաքային ընտրություններին:
Մենք ուրախ էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 37 տոկոս ձայն ստացավ, բայց փաստորեն ընդդիմության էությունն այն է, որ Ազատության հրապարակում մեծ-մեծ խոսի»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում միտինգներ անելու փոխարեն՝ պետք է մարզային գրասենյակներ ձևավորեր և երկխոսեր իշխանության հետ, քանի որ իշխանությունը պատրաստ էր վերահսկողական մեխանիզմներ տրամադրել, որի միջոցով ընդդիմությունն ամեն օր կպահանջեր իշխանությունից:
Բայց, ըստ բանախոսի, ընդդիմությունը նախընտրում է երգել «Թագավոր լինելուց լավ բան» երգը: Հարցին, թե քաղաքական դաշտում որ ուժն է ունակ հեռացնել ՀՀԿ-ին իշխանությունից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ միայն հասարակությունը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































