ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Բրյուսելը հուսով է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթաժողովում արդեն ներկայացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Նա ընդգծել է, որ Բրյուսելը լուրջ և տեսանելի առաջընթաց է ակնկալում այդ հանդիպումից, որտեղ ԵՄ անդամ երկրների նախագահները մեկ սեղանի շուրջ կնստեն հետխորհրդային վեց պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի համար այդ գագաթաժողովի կոնկրետ արդյունքը կլինի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ պայմանագրի նախաստորագրումը. «Սակայն սա շատ դժվարին գործընթաց է, որը ենթադրում է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է ներդաշնակեցվի եվրոպական օրենսդրության հիմնական մասի հետ, այնպես որ՝ սա շատ լուրջ գործ է»,- նշել է Շտեֆան Ֆյուլեն:
Համաձայնագրի արդյունքում կխորանան Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում: Դա թույլ կտա հայ գործարարների առջև բացել հսկայական շուկան՝ առավել շահեկան պայմաններով ու հնարավորություններով: Սակայն մինչև փաստաթղթի վավերացումը, պաշտոնական Բրյուսելը շարունակում է բարեփոխումներ ակնկալել Հայաստանի իշխանություններից՝ ոչ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, այլև օրենսդրության արդիականացման և կիրառման ոլորտներում: Ինչպես նշել է Շտեֆան Ֆյուլեն, Բրյուսելի համար գերակա խնդիր է մնում տարածաշրջանի անվտանգությունն ու առկա հակամարտությունների կարգավորումը:









































