Երբ գնացքը գնացել է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը որևէ մեկին չի մխիթարում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) մայիսի 8-ին հրապարակված զեկույցին:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ զեկույցը նորմալ էր, բայց չէր ասի, թե ամբողջությամբ արտահայտում էր այն, ինչ նախագահական ընտրություններում տեսել է: Նրա կարծիքով՝ քվեների հաշվարկին վերաբերող հիմնական խնդիրը եղել և մնում է: «Զեկույցում կային դիտարկումներ, որոնք, ըստ էության, համատարած ընտրախախտումների, երևույթների մասին էին վկայում: Եթե միջազգային դիտորդն ասում է, որ իր աշխատանքին խոչընդոտել են, դա արդեն լուրջ դիտարկում է:
Բայց ընդհանուր առմամբ եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը փոխակերպենք, կստացվի, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է պետական վարչական ռեսուրսների չարաշահմամբ: Հերթական եզրակացությունն է, որը չափազանց ուշացած է. երբ արդեն գնացքը գնացել է, դրանից հետո ինչ զեկույց ուզում են՝ թող հրապարակեն, դա որևէ մեկին չի մխիթարում, այն միայն իրենց համար է: Մենք ավելի լավ գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ուստի այս զեկույցն առանձնակի կարևորություն չի ներկայացնում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Անդրադառնալով զեկույցում ՀՀ իշխանություններին ուղղված հանձնարարականներին՝ «Ժառանգության» քարտուղարն ընդգծեց, որ իր համար այդ հանձնարարականներն ամենազավեշտալին են: «Առաջին հերթին հենց իրենք հավատարիմ չեն իրենց հանձնարարականներին և խորհուրդներին. երբ մեկ տարի առաջ նույնպես խորհուրդներ տվեցին, հենց իրենք հետևողական չեղան: Ինձ քիչ է հետաքրքրում խորհուրդների պահը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) մայիսի 8-ին հրապարակել էր Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
«Իշխանությունները պետք է միջոցներ ձեռք առնեն՝ բարձրացնելու հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ` ցուցաբերելով ավելի մեծ հարգանք քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական հիմնարար իրավունքները ազատորեն արտահայտելու նկատմամբ», – նշված էր 30 էջանոց զեկույցում «Առաջնային հանձնարարականներ ու առաջարկներ» բաժնում:
Ըստ միջազգային դիտորդական առաքելության՝ պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև առաջարկել է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում` քրեական պատասխանատվություն սահմանելով ընտրական գործընթացներում պաշտոնեական դիրքը և վարչական ռեսուրսները չարաշահելու համար:
Զեկույցում նշված է, որ ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատարանները Ընտրական օրենսգիրքը պետք է կյանքի կոչեն՝ ղեկավարվելով օրենքի ոգով, բոլոր մասնակիցների համար հավասար դաշտ ստեղծելու, ընտրողների կամարտահայտության ազատությունը և ընտրական գործընթացի ամբողջականությունը երաշխավորելու հրամայականով:
Առաջնային հանձնարարականներից բացի՝ զեկույցում Հայաստանի իշխանություններին ներկայացնում են նաև փոփոխությունների, վերանայումների, բարեփոխումների այլ առաջարկներ:











































