Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Բադալյանի, Մյասնիկ Եղիազարյանի և Սարգիս Մանուկյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Աշոտ Բադալյանն ու Սարգիս Մանուկյանը և 21-ամյա Մյասնիկ Եղիազարյանը, հանդիսանալով «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ, 2012 թվականի սեպտեմբերի 27-ին նախնական համաձայնության գալով, ուղղակի դիտավորությամբ միջոցներ ու գործիքներ ձեռք բերելով, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար քայլեր ձեռնարկելով՝ կատարել են ազատազրկման վայրից փախուստի նախապատրաստություն և հոկտեմբերի 9-ին՝ փախուստի փորձ:
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Աշոտ Բադալյանը 2012 թվականի մարտի 30-ին գողության համար դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Արարատ քաղաքի բնակիչ Մյասնիկ Եղիազարյանը 2011 թվականի հոկտեմբերի 7-ին գողության համար դատապարտվել էր 4 տարի ազատազրկման: Աբովյանցի Սարգիս Մանուկյանը 2012 թվականի հունիսի 26-ին նույնպես գողության համար դատապարտվել էր 2 տարի 1 ամիս 7 օր ազատազրկման:
Նույն հանցատեսակի համար դատապարտված այս երիտասարդները գտնվել են «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում:
2012 թվականի սեպտեմբերի 27-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30 րոպեին դատապարտյալ եռյակը հայտնաբերվել է կալանավայրի բնակելի գոտու հրշեջ լողավազանի մոտ գտնվող ամառային տաղավարում՝ սպորտային համազգեստներով:
Մարզական միջոցառման չէին պատրաստվում տղաները, ոչ էլ իրավասու էին գիշերային հանդիպում ունենալու ամառային տաղավարում:
Տաղավարի ստուգմամբ Մյասնիկի նստելատեղի տակից հայտնաբերվել է այնտեղ թաքցված վոլեյբոլի ցանց, որը հարմարեցված է եղել որպես պարան օգտագործելու համար:
Դատապարտյալ «մարզիկների» անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են սպորտային պայուսակի բռնակ՝ երկաթե աքցաններով, բջջային կապի երկու քարտ և 5 հազար դրամ:
Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգը խախտելու համար դատապարտյալներ Բադալյանը, Եղիազարյանը և Մանուկյանը նույն օրը մեկուսացվել են հիմնարկի կարանտինային բաժնում, իսկ սեպտեմբերի 29-ին տեղափոխվել պատժախուց՝ 15 օր ժամանակով:
Սակայն փախուստ կատարելու մտքից եռյակը չի հրաժարվել, շարունակել է միջոցներ ձեռնարկել:
Մինչև բռնվելը նրանք ձևափոխել ու որպես պարան էին հարմարեցրել քրեակատարողական հիմնարկի սպորտային հրապարակում տեղադրված վոլեյբոլի ցանցը, ձեռք էին բերել սպորտային պայուսակի՝ երկաթե աքցաններով կտորե բռնակ: Աշոտ Բադալյանը գծագրել էր քրեակատարողական հիմնարկի հատակագիծը: Այս բոլորը, այդ թվում՝ հատակագծով նոթատետրը, նրանցից առգրավվել էր սեպտեմբերի 27-ին:
Սակայն «աննկուն» եռյակը, տեղավորված լինելով հարևան պատժախցերում, պատուհաններից հաղորդակցվել է ու կրկին նախնական համաձայնություն կայացրել փախուստի վերաբերյալ: Հատակագիծը նրանք արդեն «անգիր գիտեին»:
2012 թվականի հոկտեմբերի 9-ին նախապես հարմարեցված առարկաներով՝ գդալի պոչով, վանդակաճաղի ամրանով, փայտե ու պլաստմասսայե կտորներով բացել են իրենց խցերի դռներն ու դուրս եկել: Չենթարկվելով քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների պահանջներին՝ դատապարտյալները բարձրացել են պատժախցի պատի վրա, դուրս եկել պատժախցի տարածքից, միասին մոտեցել ներքին արգելագոտին պատնեշող փշալարային հատվածին:
Մյասնիկ Եղիազարյանն ու Սարգիս Մանուկյանը մագլցել են այդ արգելապատնեշը, մուտք գործել ներքին արգելագոտի, իսկ Աշոտ Բադալյանը չի կարողացել մագլցել, բռնվել ու տեղափոխվել է պատժախուց:
Արգելագոտի մուտք գործած Եղիազարյանն ու Մանուկյանը մոտեցել են քրեակատարողական հիմնարկի պատին, որպեսզի մագլցեն ու անցնեն այն: Նրանց չեն կանգնեցրել ՔԿՀ աշխատակիցների պահանջները, թե հրազենային կրակ կբացվի նրանց ուղղությամբ:
Ըստ դատավճռի՝ «դատապարտյալների վճռականությունն այնքան հստակ է եղել, որ դատապարտյալ Մանուկյանն անգամ ասել է. «…եթե կրակում են, թող կրակեն», սակայն, բարեբախտաբար, փախստականներին բռնել են առանց կրակոցների, դուրս են բերել արգելագոտուց, տեղափոխել հերթապահ մաս: Նույն օրը եռյակը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Ազատատենչ» եռյակը առանձնապես երկարաժամկետ պատիժների չէր դատապարտված, փախուստի փորձն ու եղած ժամկետներին նոր ժամկետներ ավելացնելն առանձնապես խելամիտ չէր նրանց կողմից:
Սակայն իրականության հետ հաշվի նստելով՝ նման «նպատակասլաց ու վճռական» դատապարտյալներ ունենալու պարագայում հարկ է, որ ՔԿՀ աշխատակիցները ևս համարժեք կերպով զգոն ու աչալուրջ լինեն, որ բանը չհասնի դատապարտյալների կողմից վոլեյբոլի ցանցը պարանի վերափոխելուն կամ գդալի պոչով պատժախցի դուռ բացելուն:
Այդ ի՞նչ պատժախցեր են, որոնց դռները բացվում են գդալի պոչով: Չնայած՝ եռյակը դատապարտված էր գողությունների համար, փակ դուռ բացելը նրանց համար պիտի որ մեծ դժվարություն չներկայացներ: Բայց ՔԿՀ-ն լավ գիտի իր «կոնտիգենտին», հետևաբար դռները նրանց «արժանի» էլ փականներ պիտի որ ունենան, որպեսզի բանը վերջում չհասնի կրակոցով փախստական դատապարտյալներին կանգնեցնելու վտանգավոր իրավիճակին:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներ Բադալյանը, Եղիազարյանն ու Մանուկյանը առաջադրված մեղադրանքներն ընդունեցին, իրենց մեղավոր ճանաչեցին ու միջնորդեցին գործը արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:
Դատարանը Աշոտ Բադալյանին և Սարգիս Մանուկյանին վերջին հաշվով դատապարտեց 4-ական տարի, իսկ Մյասնիկ Եղիազարյանին՝ 5 տարի ազատազրկման:










































