Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցի անցկացումը հնարավոր եղավ նաև վրացի, ուկրաինացի և Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորի շնորհիվ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանի նմանօրինակ քվեարկությունն անակնկալ չէր, իսկ ուկրաինացի և վրացի պատգամավորների վերաբերմունքը մեզ համար լրացուցիչ մտահոգության առիթ պետք է հանդիսանա։
«Մայդանի հետ համերաշխության» կոմիտեի անդամ Զարուհի Հովհաննիսյանը հիշում է Ղրիմի բռնակցման վերաբերյալ Հայաստանի հայտնի քվեարկությունները, Ղարաբաղում կազմակերպված հրավառությունը և նշում, որ Ուկրաինայի քվեարկությունը ինչ-որ չափով պատասխան էր Հայաստանին:
Հովհաննիսյանն ընդգծում է, որ հայ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես եղել են բարիդրացիական, և այս քվեարկությունն ուղղված չէ հայ ժողովրդի դեմ:
Փորձագետ, «Մայդանի հետ համերաշխության կոմիտեի» անդամ Ռուբեն Մեհրաբյանն էլ իր հերթին ընդգծեց, որ քվեարկությունն իսկապես մտահոգիչ էր: Նրա կարծիքով՝ Հայաստանի պաշտոնական դիվանագիտությունը մեծ անելիքներ ունի:
«Հայաստանի և վրացի հասարակությունները անձնական շփումների շատ մեծ փորձ ունեն, հորիզոնական կապերը սերտ են, և սա վերաբերմունք է մեր պետական քաղաքականությանը, նույնն էլ Ուկրաինայի պարագայում»,- ասում է Մեհրաբյանը:







































