Ավագանու ընտրություններից հետո, մինչ Հայաստանից մեկնելը, ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ և դիտարկմանը՝ ընտրությունների օրերին հաղորդումներ եղան, որ իրենց օգտին քվեարկելու համար կաշառատվության գործում Հանրապետականից հետ չի մնացել նաև «Բարգավաճ Հայաստանը», պատասխանել է. «Չեմ լսել: Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել։ Ես որ չգիտեմ՝ ինչ է եղել։ Եթե եղել է, դա հավասարապես դատապարտելի է»։
Վարդան Օսկանյանը կասկած է հայտնել ընտրությունների արդարության առնչությամբ: Նրա խոսքով՝ կատարվածի համար պետք է ամաչել. «Ինչպե՞ս բացատրեմ ես, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն անցել։ Գուցե անցել են՝ չգիտենք։ Արդյունքը լավ է, թե վատ՝ ինչպե՞ս իմանամ ես, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է այդ օրը։ ՀՀԿ-ն հաղթե՞լ է, ի՞նչ իմանանք՝ հաղթել է։ Իրոք, այնպիսի բաներ են եղել այդ օրը, որ ասել, թե այդ արդյունքները իրոք ժողովրդական համակրանքի, հակակրանքի արդյունք են, սխալ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ ասել՝ ամաչելու բան է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ ընտրատեղամասերում, այդ երթուղայինները մարդիկ էին բերում, ծերերին ուղղորդում, հաշվելու ժամանակ ասում են (մարդիկ պատմում են՝ ներկա են եղել)՝ գունավոր գրիչներով են նշվել, և բոլորը՝ ՀՀԿ»։
Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չի կայացրել։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։
Բայց Օսկանյանի կարծիքով՝ ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ։ «Իհարկե, զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է մտածել, որ միգուցե պետք չէ վերցնել, բայց վերջիվերջո ժողովրդի շահերից ելնելով՝ կարելի է մտածել, որ միգուցե այնտեղ լինելով՝ կարելի է շարունակել այդ խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, ճնշում գործադրել մեծամասնության վրա, ժողովրդի հետ հաղորդակցվել»,- մեկնաբանում է ԲՀԿ-ական պատգամավորը։







































