Ռեժիմը դիմեց բոլոր հնարավոր մեթոդներին հայ ժողովրդի կամքը բռնաբարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Այս ընտրություններին մենք տեսանք, որ ամեն բակում Հանրապետական կուսակցությունը բացել էր շտաբ: Մենք էլ ունեինք շտաբներ, բայց բացարձակ անհրաժեշտություն չծագեց ամեն բակում ունենալու: Իրականում դրանք ոչ թե քարոզչական շտաբներ էին, այլ Հանրապետականի վերահսկողության կենտրոններ: Այսինքն՝ այդ մարդիկ ուսումնասիրել են բոլոր ընտրողների խոցելիությունը, նրանց ազգականների մասին ինֆորմացիա են հավաքել, օրինակ՝ մեկը բանակում է, մեկը՝ դպրոցում, և ճնշումներ են գործադրելն»,- ասաց նա:
Զուրաբյանի գնահատմամբ՝ իշխանությունները ընտրակաշառքով չեն բավարարվել, եղել են նաև սպառնալիքներ, ճնշումներ. «Իրականում մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որ այդ օրը կիրառվել է կարուսել, նաև՝ գունավոր գրիչներ են կիրառվել՝ շենքից մարդ ապահովելու և ապացուցելու համար, որ այդ մարդիկ քվեարկել են իրենց համար, նրանց պարտադրել են քվեարկել կոնկրետ գույնի գրիչով:
Հայտնաբերվել են հատուկ կերպով ծալված քվեաթերթիկներ, կիրառվել են նաև հոգեբանական ճնշումներ, որոշ մարդկանց ստիպել են քվեաթերթիկ ծալել հակառակ ձևով»,- նկատեց նա:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանում այդ օրը տեղի է ունեցել բաց քվեարկություն:
Ըստ բանախոսի՝ քաղաքական որոշում էր կայացվել, որ Հայ ազգային կոնգրեսը չանցնի ավագանի. «Հայ ազգային կոնգրեսն այն միակ ուժն է, որը բացահայտում է իրենց չարաշահումները, դա իրենք էլ են հասկանում: Այս ամենը նրանց հուշեց, որ ավագանիում որևէ կոնգրեսական չլինի»:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ չնայած իրենք դիմել են վերահաշվարկի պահանջով, սակայն գիտեն, որ դա ոչինչ չի փոխի. «Մենք վերահաշվարկ ենք կատարում քվեարկության ապօրինի գործընթացներն ապացուցելու համար՝ կարուսելի կազմակերպում և այլն: Մենք առաջին հերթին փնտրում ենք ապօրինի վերահսկողության դեպքերը:
Բացի այդ, ըստ օրենքի՝ վերահաշվարկի ժամանակ հնարավորություն է տրվում քաղվածք վերցնել մատյանից: Այսինքն՝ սա միակ հնարավորությունն է ինֆորմացիա ստանալու, թե ում անվան դիմաց կա ստորագրություն այն մասին, որ նա քվեարկել է: Այդպիսով՝ կստուգենք՝ տվյալ մարդիկ քվեարկե՞լ են, թե՞ ոչ»:
ՀԱԿԿ փոխնախագահը հավելեց, որ իրենք առանձնակի պատրանքներ չունեն նաև վարչական դատարանից:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































