Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կաջակցի Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Այսօր ես խոսեցի (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար) Պան Գի Մունի հետ։ Ես նրան ասացի, որ Թուրքիան կաջակցի ցանկացած նախաձեռնության՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար։ Սակայն չափավոր ընդդիմությունը պետք է ներկայացված լինի (Սիրիայի վերաբերյալ բանակցություններում) իր իսկ ցանկությամբ ու նախաձեռնությամբ, իսկ ահաբեկչական խմբավորումները չպետք է ներկայացված լինեն այնտեղ։
Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը մեր առաջնահերթությունն է։ Մենք տարբերություն չենք դնում ահաբեկչական խմբավորումների միջև։ Նրանք անմեղ մարդկանց սպանում են Թուրքիայում, Իրաքում, Փարիզում՝ ամենուրեք։ Անհրաժեշտ է միավորել միջազգային բոլոր ուժերը՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը։








































