Նորվեգիայի կառավարությունը խորհրդարանին առաջարկել է քննարկել ահաբեկչության համար ազատազրկման առավելագույն պատժաչափը մինչև 30 տարվա հասցնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Նորվեգիայի իշխանությունները հանդես են եկել նաև ահաբեկչական խմբավորումների կազմի մեջ մտնող անձանց դատական կարգով հետապնդելու նախաձեռնությամբ: Դրա համար երկրի դատարանները պետք է որոշեն, թե որ կազմակերպություններն են ահաբեկչական:
Բացի այդ, արդարադատության նախարար Գրետե Ֆարեմոն հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են կատարելագործել օրենսդրությունը՝ օգնելու համար ոստիկանությանը կանխել ահաբեկչությունները:
Ինչպես նշում է գործակալությունը՝ Նորվեգիայի իշխանությունները մտադիր են խստացնել ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները՝ կապված 2011-ի հուլիսին Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների հետ:











































