Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող, ինչպես նաև դաշինքի մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը քիչ հավանական է համարում իրենց կողմից մանդատներից հրաժարվելը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա թեև նշեց, որ ոչինչ չի բացառվում, այդուհանդերձ «Ժառանգության» հետագծով պատասխանեց, որ իրենք մասնակցության կողմնակից են, և բոյոկոտելն իրենց հարիր չէ. «Պետք է նիստ հրավիրվի և նիստի ընթացքում այդ ամենը որոշվի։ Անձամբ ես քիչ հավանական եմ համարում դա»:
Հարցին, թե հնարավո՞ր է իրենց որոշումը կախված լինի «Բարգավաճ Հայաստանի» որոշումից, Դ․ Սանասարյանը պատասխանեց. «Չի կարող «Բարգավաճ Հայաստանի» որոշման հետ մեր որոշումը կապ ունենալ։ Մենք առանձին կուսակցություն ենք, մենք ունենք մեր որոշման մեխանիզմները և հիմքերը՝ ինչի համար այս որոշումը կընդունենք և ինչի համար չենք ընդունի, բայց դա որևիցե կերպով չի կաորղ ասոցացվել մեկ այլ ուժի՝ տվյալ դեպքում «Բարգավաճ Հայաստանի» որոշման հետ»:
Վերջին ասուլիսում Դավիթ Սանասարյանը ԲՀԿ-ին մեղադրել էր ընտրակաշառք բաժանելու մեջ։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է այդուհանդերձ ավագանիում աշխատելու ընթացքում նրանց հետ համագործակցեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա ես ներկայացրել եմ իմ և ոչ թե դաշինքի տեսակետը: Իսկ դաշինքը առաջիկայում եթե գնաց, մանդատները վերցրեց, կորոշի՝ ինչպես է գործելու: Ես իմ տեսակետն եմ ներկայացրել և այն չեմ փոխել, ես պատրաստվում եմ նույնը հրապարակել նաև ավագանու խորհրդի նիստի ժամանակ»:







































