Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի պաշտոնական կայքում (khamenei.ir) ստեղծվել է հատուկ էջ, որը նվիրված է փետրվարի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական, ինչպես նաև Փորձագետների վեհաժողովի ընտրություններին։
Էջի այցելուները կարող են ծանոթանալ քվեարկության օրվա ընթացքի ու դրա արդյունքների վերաբերյալ Ալի Խամենեիի դիրքորոշմանը։ Հունվարի 9-ին Խամենեին քաղաքացիներին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որոնք նրա խոսքերով՝ կոչված են ամրապնդելու քաղաքական համակարգն ու բարձրացնելու դրա հանդեպ ժողովրդի վստահությունը։
Խամենեին նաև կոչ է արել քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք կարող են աջակցել իր քաղաքական ուղուն։ Խամենեին կրկին ԱՄՆ-ին մեղադրել է 2009 թվականին Իրանում ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման համար, որոնք նրա կարծիքով՝ ուղղված են եղել Իսլամական Հանրապետության տապալմանը։
Խամենեին ընդգծել է, որ Իրանի քաղաքացիները պետք է զգոնություն պահպանեն ու դիմակայեն ԱՄՆ-ին։







































