Մինչ Հայաստանում հասարակությունը փորձում է ինչ-որ բան հասկանալ խոզի գրիպի վարակի կապակցությամբ, կռահել, թե ինչի հետ գործ ունի՝ համաճարակի՞, դրա դեմ իշխանության անճարակությա՞ն, թե՞ որևէ այլ բանի հետ, Ադրբեջանում կարծես թե հասունանում է սոցիալական դժգոհության և ապստամբության համաճարակը: Այդ երկրում արդեն մի քանի օր է՝ սոցիալական դժգոհության բռնկումներ են, և իշխանությունները դրանք ցրում են ուժով: Պատճառները հասկանալի են՝ նավթի գնանկման հետևանքով Ադրբեջանը հայտնվել է խիստ ծանր ֆինանսատնտեսական իրավիճակում:
Այս իրադրությանը Հայաստանից պետք է հետևել, իհարկե, ոգևորությամբ, բայց, միաժամանակ, նաև զգոնությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանում հասունացող ապակայունացումն ու ցնցումները կարող են բերել ոչ միայն այդ երկրում համակարգային փլուզումների և անկառավարելի վիճակի, այլ նաև դրանց սահմանային մետաստազների: Այսինքն՝ այդ իրավիճակը կարող է ազդել ոչ միայն Ադրբեջանի ներքին զարգացումների վրա, այլ նաև արտացոլվել Հայաստանի սահմանում:
Իհարկե, ներքին անկառավարելիությունը թուլացնում է պետությունը արտաքին առումով, այդ թվում նաև պետության ռազմական պոտենցիալը: Եվ այդ իմաստով այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանի համար շահեկան է: Սակայն այդ անկառավարելի կամ ցնցումային վիճակը կարող է բերել նրան, որ արտացոլում ունենա նաև սահմանին՝ տարատեսակ սադրանքների ուժգնացման տեսքով: Չի բացառվում նույնիսկ, որ Ալիևը փորձ անի սահմանում իրավիճակը սրելու գնով վերահսկել և սանձել հասարակության սոցիալական բողոքները: Իհարկե, դրա հավանականությունը քիչ է՝ նկատի առնելով այն, որ այստեղ Ալիևի, այսպես ասած, լիազորությունները սահմանափակ են: Նա կարող է իրեն թույլ տալ լոկալ լարում, սակայն մասշտաբային սրում նրան ոչ ոք թույլ չի տա՝ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրները, քանի որ այստեղ արդեն հետևանքները, մեղմ ասած, կլինեն խնդրահարույց ողջ տարածաշրջանի համար՝ վտանգի տակ դնելով կարևոր աշխարհաքաղաքական զարգացումները: Սակայն, պատրաստ պետք է լինել ամեն ինչին:
Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ հնարավոր է՝ եկել է Ալիևների դինաստիայի վախճանը: Չի բացառվում, սակայն, որ հենց նման անկյուն քշված վիճակում նրանցից հնարավոր է սպասել ամեն ինչ: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է չափազանց ուշադիր լինի սահմաններում՝ պատրաստ լինելով ամենաանսպասելի և հանդուգն սադրանքների:
Մյուս կողմից, Հայաստանին իհարկե անհրաժեշտ է խնդիրը դիտարկել առավել ընդգրկուն համատեքստում, իսկ դա իր հետ բերում է հարցեր՝ կապված այն խնդրի հետ, թե ներկայիս Ադրբեջանի շուրջ ինչ դիվանագիտական-քաղաքական զարգացումներ կարող են լինել, ինչ տրանսֆորմացիաներ կարող են լինել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Վերջին հաշվով, փաստ չէ այն, որ Ալիևը կարող է հեռանալ: Չի բացառվում, որ Ալիևին պահեն՝ Արևմուտքից, բայց արդեն նրա առաջ հստակ և անխուսանավելի պայմաններով: Եվ այստեղ արդեն Հայաստանի համար կարող են լինել մարտահրավերներ, որոնց պետք է պատրաստ լինել:
Վերջին հաշվով, չպետք է մոռանալ մի պարզ հանգամանք. Հայաստանի դիրքերը ներկայումս բարվոք են այն համեմատության շնորհիվ, որ ժողովրդավարության, իրավականության, արդիականության առումով Հայաստանը որպես պետություն ունի Ադրբեջանի ֆոնին: Ադրբեջանում տրանսֆորմացիաները կարող են կորցնել այդ ֆոնային պարագայով պայմանավորված Հայաստանի առավելությունը, նվազեցնել դրա դերը:
Այդ իսկ պատճառով Հայաստանի համար ներկայումս խնդիր կա որակապես առաջատար և արդիական լինել ոչ թե Ադրբեջանի ֆոնին, այլ ընդհանրապես առաջատար աշխարհի ուղենիշների համեմատությամբ:








































