Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում լցոնման փորձ է կանխվել: Մոտ 1.5 ժամ առաջ դիտորդները նկատել են, որ քվեարկող մի կնոջ մոտ կար երկու ծրար` քվեարկված երկու քվեաթերթիկներով: Քվեարկությունը եղել է ԲՀԿ-ի օգտին: Երբ հայտնաբերվել են այդ ծրարները, շփոթահար կինը չի կարողացել բացատրել, թե նրա մոտ որտեղից է լրացուցիչ երկրորդ քվեաթերթիկը: Ի վերջո, ոստիկանները նրան տարել են:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձեց հանձնաժողովի ՀՅԴ-ական քարտուղարից մեկնաբանություն ստանալ, բայց հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Աշոտ Պռազյանը թույլ չտվեց՝ ասելով, թե` խանգարում եք մեր աշխատանքը: Նույն ընտրատեղամասում գտնվող՝ «Բարև, Երևան» դաշինքի վստահված անձ Արթուր Ղազարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ առավոտից այս ընտրատեղամասում անընդհատ լարվածություն է ստեղծվում: Նրա խոսքերով` իրենք նկատել են, որ բազմաթիվ ընտրողներ են եկել քվեարկության, որոնք այս տարածքում գրանցվել են ընդամենը 1-2 ամիս առաջ: Նա կասկածներ ուներ, որ այդ մարդիկ մարզերից են կամ Երևանի վարչական այլ տարածքներից, որոնց գրանցել են լրացուցիչ ձայներ հավաքելու համար:
Ա. Ղազարյանի փախանցմամբ` ինքը մի քանի այլ դիտորդների հետ միասին փորձել է հաշվարկել, թե քանի նման ընտրող է մտնում այդ տեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել:










































