«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը Հալեպում ստեղծել է շարիաթական դատարան, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը Սիրիայում: Ինչպես հաղորդում ITAR-TASS-ը՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները, այն վերածվել է Հալեպում իշխանության գլխավոր մարմնի: Նրա ազդեցությունը տարածվում է հարևան Իդլիբ մարզում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:
Դատական կոլեգիան բաղկացած է իսլամիստների 4 զինված խմբավորումներից: Ընդ որում, դատարանի նախագահը, որը վճռական ձայնի իրավունք ունի, «Ջեբհաթ Ալ-Նուսրա» կազմակերպության ղեկավարն է:
ԶԼՄ-ները նշում են, որ խմբավորումն իր ռազմական հզորությամբ և քաղաքական ազդեցությամբ գերազանցում է Արևմուտքի աջակցությունը վայելող այսպես կոչված Սիրիայի ազատ բանակին:
Հալեպի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչները կոնֆլիկտային իրավիճակի առաջացման դեպքում ստիպված կլինեն դիմել շարիաթական դատարան: Հարկ է նշել, որ ընդդիմության աշխարհիկ թևը քաղաքում ստեղծել է սեփական դատարանը՝ Միավորված իրավաբանական խորհուրդը, սակայն այն որևէ ազդեցություն չունի, քանի որ չունի «ուժային ռեսուրս»՝ իր որոշումներն իրականացնելու համար:
Իսլամիստների ազդեցության ևս մեկ գործիք է հանդիսանում իրենց տրամադրության տակ գտնվող շրջաններում կոմունալ ծառայությունների նկատմամբ վերահսկողության սահմանումը: «Ալ-Քաիդա»-ի ներկայացուցիչներն իրենց ձեռքում են կենտրոնացրել այդ թաղամասերի արդյունաբերությունը, էլեկտրա- և ջրամատակարարումը:











































