ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլահ ալ-Մուալիմին հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը չի ազդի Էր-Ռիադի մասնակցության վրա սիրիական և եմենյան կարգավորմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր կողմից դա ոչ մի կերպ չի ազդի, քանի որ մենք կշարունակենք համառորեն աշխատել՝ աջակցելու Սիրիայում և Եմենում խաղաղ ջանքերին»,- ասել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը: Դիվանագետը նաև մեղադրել է Իրանին այն բանում, որ մինչև ներկայիս հակամարտությունը վերջինս չի աջակցել այդ երկրներում հակամարտության կարգավորմանը:
Կիրակի Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ «Թագավորության ներքին գործերին բացահայտ միջամտության, տարածաշրջանում թշնամական գործողությունների և Թեհրանում իրենց դեսպանատան և Մեշհեդ քաղաքում հյուպատոսարանի վրա հարձակում կատարելու համար»:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ի նշան բողոքի հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու որոշման դեմ:











































