Վենեսուելայում նախագահի հրամանագրով այսօրվանից նվազագույն աշխատավարձի չափն ավելացել է 20%-ով՝ կազմելով 2457 բոլիվար (390 դոլար):
Այս տարի աշխատավարձի նվազագույն չափը կավելացվի ոչ թե տարեկան երկու, ինչպես սովորաբար, այլ երեք անգամ՝ 20 տոկոսով մայիսի 1-ին, 10 տոկոսով՝ սեպտեմբերին, և 5 կամ 10 տոկոսով էլ՝ նոյեմբերին: Արդյունքում տարեվերջին աշխատավարձի նվազագույն չափը կկազմի 450-470 դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վենեսուելացիները վաղուց էին սովորել, որ նվազագույն աշխատավարձը իշխանությունների կողմից բարձրացվում է տարեկան երկու անգամ: Սովորաբար այդ մասին հանգուցյալ Ուգո Չավեսը հայտարարում էր մայիսի մեկի նախաշեմին, այնուհետև սեպտեմբերին:
Նվազագույն աշխատավարձ են ստանում 29 միլիոն վենեսուելացիներից 4 միլիոնը: Աշխատավարձերի չափի բարձրացումը տարածվում է պաշտոնյաների, պետական և մասնավոր ձեռնարկությունների աշխատողների, ինչպես նաև թոշակառուների ու միայնակ մայրերի վրա:










































