Իտալիայի իշխանությունները հետաքննություն են սկսել երկրի առաջին սևամորթ նախարարի հասցեին հնչեցված վիրավորանքների փաստերի առնչությամբ:
Սեսիլ Կիենգեն դեմոկրատ Էնրիկե Լետայի ձևավորած կառավարությունում զբաղեցնում է ինտեգրացիոն հարցերով նախարարի պաշտոնը: Կին նախարարը ծնվել է Կոնգոյում, մասնագիտությամբ ակնաբույժ է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նախարարների կաբինետում նրա նշանակումը դարձել է առիթ՝ նեոֆաշիստների կայքերում վիրավորական արտահայտություններ տեղադրելու: Նրա հասցեին մեղադրանքներ են ուղղում նաև «Հյուսիսի լիգա» կուսակցության կողմնակիցները: Նշենք, որ այդ կուսակցությունը դաշինք է կազմել Բեռլուսկոնիի «Ազատության ժողովրդի» հետ: Սևամորթ նախարարին անվանել են «Կոնգոյի կապիկ, սև հակաիտալուհի» և այլն:
Հետաքննությունը նախաձեռնել է հավասար հնարավորությունների հարցերով նախարար Ջոզեֆա Իդեմը, որը ծագումով Գերմանիայից է: Ինչպես և Կիենգեն, նա էլ Իտալիայի քաղաքացի է դարձել՝ ամուսնանալով իտալացու հետ: Նրանք երկուսն էլ Դեմոկրատական կուսակցությունից են:







































