Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդը բացառել է Չինաստանի հետ հակամարտության ռազմական զարգացման տարբերակը: Հակամարտությունը ծագել է այն բանից հետո, երբ Հիմալայան վիճելի տարածք է մտել չինական զինվորական ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մեկ շաբաթ առաջ տեղեկություններ հայտնվեցին, թե Չինաստանի բանակի ստորաբաժանումը ապրիլի 15-ին 10 կմ ներթափանցել է Հիմալայներում գտնվող Քաշմիրի Լադախ տարածաշրջանի Դաուլաթ Բեգ Օլդի վիճելի հատված:
Ի տարբերություն նախորդ նմանատիպ դեպքերի՝ չինացի զինվորականները չեն հեռացել, այլ վրան են խփել: Նույն օրը հաղորդվել է, որ չինական ուղղաթիռները հատել են փաստացի վերահսկողության գիծը: Չինաստանը հերքում է հնդկական տարածք իր ուժերի մուտքը:
Վերահսկման գծում արդեն երկու անգամ հանդիպել են երկու երկրների զինվորականները, սակայն հանդիպումներն ավարտվել են առանց արդյունքի, քանի որ Հնդկաստանը հրաժարվել է կատարել Չինաստանի պահանջը՝ ուղղված նշյալ հատվածում «ամրացված դիրքերի» վերացմանը: Հնդկաստանի պաշտպանության նախարարը չորեքշաբթի հայտնել էր, որ տարբեր մակարդակներով բանակցություններ են անցկացվում՝ միջադեպի խաղաղ կարգավորման նպատակով:








































