Հայաստանում ազդեցության ոլորտի մեծացմանն ուղղված եվրասիական և եվրոպական ծրագրերի մրցակցությունը շարունակվում է: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը՝ անդրադառնալով բրիտանացի պաշտոնյայի օրերս արած հայտարարությանը:
Վլասովի կարծիքով՝ ընդհանրապես Հայաստանի համար դիլեման՝ Եվրոպա՞, թե՞ ՌԴ, կեղծ է, արհեստական: Ըստ ռուսաստանցի քաղաքագետի՝ եվրոպական չինովնիկները նման հայտարարություններով մեծամասամբ հայտ են ներկայացնում ապագայի համար: Ալեքսեյ Վլասովը հիշեցրեց Թուրքիայի օրինակը, որը, նրա խոսքով, շատ ակտուալ է: Նա հիշեցրեց, թե ինչպես է երկար տարիներ Թուրքիան անընդհատ հրավիրվում ԵՄ, բայց որևէ կերպ չի կարողանում դառնալ ԵՄ լիիրավ անդամ:
«Ուստի ես բրիտանացի և եվրոպացի չինովնիկների հայտարարությունները դիտարկում եմ որպես տեղեկատվական քարոզարշավի մաս՝ ուղղված ԵՄ-ի ազդեցության դաշտի մեծացմանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքականության և հասարակության շրջանում ազդեցության ընդլայնմանը: Ես ոչ մի կերպ չէի դիտարկի այդ հայտարարությունն իբրև արդեն բաց խոստովանություն, որ Եվրոպայում Հայաստանի ապագան տեսնում են միայն ԵՄ կազմում: Եվրասիական և եվրոպական ծրագրերի մրցակցությունը շարունակվում է, և հնարավոր չէ ասել, թե այս երկու ծրագրերից որն է ՀՀ ժողովրդի հանրային գիտակցության մեջ ամրագրվել որպես ՀՀ գլխավոր ընտրություն»,- մեկնաբանեց Ալեքսեյ Վլասովը՝ շարունակելով, որ նման հայտարարություններ անելու համար շատ վաղ է:
Նրա գնահատմամբ՝ շատ վաղ է դիտարկել հարցը, թե ՌԴ-ն կհաշտվի՞ այն մտքի հետ, եթե ՀՀ-ն ընտրի եվրոպականության ուղին, քանի որ երկու ուղղությունների մրցակցությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քոլին Ռոբերթսը հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիան գտնում է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության մաս կազմող հետխորհրդային վեց երկրները, այդ թվում` Հայաստանը, պետք է ի վերջո դառնան Եվրամիության լիիրավ անդամներ:
«Տեսականորեն և գործնականում որևէ սահմանափակում չկա Եվրամիության Արևելյան գործընկերության հետագա ընթացքի համար: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, ապա մենք միանգամայն ճիշտ ենք համարում, որ հետխորհրդային վեց երկրները վայելեն Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկարը: Մենք կարծում ենք, որ Արևելյան գործընկերության երկրները պատկանում են եվրոպական մեծ ընտանիքին: Բայց այսօրվա վիճակից մինչև լիիրավ անդամություն երկար ճանապարհ կա անցնելու, որը կարելի է քայլ առ քայլ անցնել, և առաջին քայլերից մեկը հենց Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրերն են: Կարևոր է, որ և Եվրամիության անդամ երկրները, և Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված պետությունները, նաև` Հայաստանը, այդ ընթացքում իրենք որոշեն, թե որքա՞ն են ցանկանում այդ ուղղությամբ առաջ գնալ», – ասել էր Ռոբերթսը:









































