Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքը, որը կառավարությանը թույլ է տալիս մինչև 2014 թվականի վերջը պետական կառույցներից հեռացնել 15 հազար աշխատողի: Այդ բարեփոխումը 2 մլրդ դոլարի չափով միջազգային ֆինանսական օգնության հերթական տրանշի ստացման պայմաններից մեկն է: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Օրինագծի ընդունումն ուղեկցվել է խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցերով: Ակտիվիստների խոսքով՝ ընդունված օրենքը կխորացնի երկրում գործազրկությունը: Գործազրկությունը երկրում արդեն իսկ աննախադեպ մակարդակի է հասել: Օրենքի ընդունումը վերջ կդնի աշխատատեղի ցմահ ամրագրման պրակտիկային: Կառավարությունում կարծում են, որ օրենքը կծառայի ի շահ պետության՝ թույլ տալով ազատվել անբարեխիղճ աշխատողներից և աշխատատեղեր ազատել երիտասարդ ու տաղանդավոր մասնագետների համար:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արդեն մինչև 2013-ի հունիսի վերջը կհեռացվի շուրջ 2000 պետական ծառայող, առաջին հերթին նրանք, ովքեր թույլ են տվել կարգապահական խախտումներ:
Մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսին է, օրինակ, առողջապահությունը, հեռացվածների փոխարեն կընդունվեն նոր աշխատողներ: Այսպիսով՝ օրենքն ինքնին չի բերի պետական օղակի աշխատողների կրճատման: Դրան ուղղված է մեկ այլ պլան, համաձայն որի՝ մինչև 2015-ի վերջը կկրճատվի 150 հազար աշխատատեղ:






































