Իսրայելի ռազմաօդային ուժերի օդանավերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի օբյեկտներին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելական տարածքի հարավային մասի հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իսրայելցի զինվորականներին:
Իսրայելի օդուժը հարվածել է զենքի պահեստի և մարզական բազայի ուղղությամբ: Երկու կողմերից էլ տուժածներ չկան:
Մեկ ամիս առաջ Իսրայելը խստացրել էր Գազայի շրջափակումը հրթիռակոծումից հետո, որը համընկել էր ԱՄՆ նախագահի այցի հետ, և անորոշ ժամկետով փակել պաղեստինյան անկլավի սահմանի բեռների միակ տերմինալը:
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հերքել էր իր մասնակցությունը հրթիռակոծմանը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է սալաֆիական փոքր խմբավորումներից մեկը:








































