ԵՄ անդամները պատրաստ են ընդառաջել կազմակերպության բարեփոխման վերաբերյալ Լոնդոնի պահանջներին, բայց արտոնությունների և տեղաշարժերի ազատության հարցերը քաղաքական լուրջ բանավեճեր են պահանջում ԵՄ-ի ղեկավարների առաջիկա հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է BBC-ն։
Հանդիպումը ծրագրված է Բրյուսելում հաջորդ շաբաթ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նոյեմբերին հանդես էր եկել ԵՄ-ից ներգաղթյալների աշխատանքային նպաստների վճարումը և նրանց հարկային արտոնությունների տրամադրումն օրենսդրորեն սահմանափակելու նախաձեռնությամբ, ինչպես նաև սպառնացել ԵՄ-ից երկրի դուրս գալով, եթե մյուս երկրների ղեկավարները չանսան միությունը բարեփոխելու և ազգային կառավարություններին ու խորհրդարաններին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու պահանջներին:
Տուսկի խոսքով՝ ԵՄ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին մի շարք արտոնությունների տրամադրումն արգելելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկն «էական քաղաքական տարաձայնություններ» է առաջացնում:
ԵՄ-ի ղեկավարներին ուղարկած նամակում Տուսկը նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի ապագա անդամակցության հետ կապված անորոշությունն ապակայունացնում է փոխհարաբերությունները կազմակերպությունում:









































