Վերջին շրջանում չափազանց ակտիվացել են Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Հայաստան: Ավելին` այդ այցերը նախորդում և հաջորդում են Վրաստանի խորհրդարանի հայտնի որոշմանը, որի համաձայն` դադարեցվում է Ռուսաստանի հետ ունեցած այն համաձայնագիրը, որով Վրաստանի տարածքով Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներ էին հասցվում ռուսական ռազմական տեխնիկան և անձնակազմը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը չցանկացավ այդ այցելությունների և վերջին որոշման միջև կապ տեսնել:
«Պարզ է, որ արտաքին աշխարհի հետ կապի առումով Վրաստանը դեռևս Հայաստանի համար միակ ճանապարհն է: Հայաստանն աշխատում է չփչացնել հարաբերությունները Վրաստանի հետ, ինչը շատ լավ հասկանում են նաև Ռուսաստանի իշխանությունները: Այդ հանդիպումներն էլ հերթական ցուցադրությունն է այն բանի, որ Հայաստանը ցանկանում է Վրաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ»:
Կռիլովի գնահատմամբ, Վրաստանը Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացմամբ փորձում է ցույց տալ, որ Հայաստանը վերանայել է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ. «Կարծում եմ` դա դժվար թե հաջողվի Վրաստանին»:










































