Մոսկվան ու Փարիզը պայմանավորվել են, որ համատեղ կպայքարեն ընդհանուր սպառնալիքների դեմ, և գործընկերներին կոչ են արել ուժեղացնել համակարգումը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Այսպիսին է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների մոտ 3 ժամ տևած բանակցությունների արդյունքը։ Բանակցություններն անցկացվել են երեկ երեկոյան, Մոսկվայում՝ հայտնում է RIA Novosti-ն։
Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը դարձել է իրավիճակը՝ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման հետ։ Կողմերը հայտարարել են, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Անկարան դեռևս ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև մտադրություն չի հայտնել եղածը հասկանալու, պարզաբանելու։
Նախագահները հայտարարել են, որ կշարունակեն երկխոսությունն արդեն հաջորդ շաբաթ՝ Փարիզում, որտեղ կկայանա ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովը։