ԵՄ խորհուրդը չեղարկել է այսօրվա համար ծրագրված մի շարք երկրորդական հանդիպումներ՝ սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով, սակայն Եվրախմբի հանդիպումը կկայանա։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է Խորհրդի կոմյունիկեում։
«Սպառնալիքի մակարդակի բարձրացման արդյունքում Խորհրդի նախագահությունը, խորհրդակցելով Խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որոշել է չեղարկել առաջնային դեր չխաղացող հանդիպումների մեծ մասը, որոնք ծրագրված էին երկուշաբթի՝ Խորհրդի շենքում։ Այնուհանդերձ, կրթության, երիտասարդության, մշակույթի ու սպորտի հարցերով Խորհրդի նիստը, Եվրախմբի նիստն ու բարձրաստիճան ներկայացուցիչների սահմանափակ թվով հանդիպումները կկայանան»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ անվտանգության մակարդակը Խորհրդի շենքերում բարձրացվել է «դեղինից» «նարնջագույնի»։ «Սպառնալիքի այդ բարձրացումը նշանակում է, որ կսահմանվեն անվտանգության մի շարք միջոցառումներ՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն գործում են նոյեմբերի 16-ից՝ Փարիզի ահաբեկչություններից հետո սպառնալիքի ուժեղացման լույսի ներքո»,- ասվում է կոմյունիկեում։
ԵՄ խորհուրդը նշում է, որ ԵՄ ինստիտուտի գլխավոր քարտուղարությունը գտնվում է բելգիական իշխանությունների, անդամ երկրների ու ԵՄ այլ ինստիտուտների գործընկերների հետ մշտական կապի մեջ։









































