Լույս շաբաթ գիշերը սկսվել է նոր կրիպտոարժույթի նախնական թեստավորումը, որը հնարավոր է վաստակել քայլելով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Bitwalking կոչվող բջջային հավելվածը կրիպտոարժույթը փոխանցում է օգտատիրոջ հաշվին՝ հիմնվելով նրա սմարթֆոնի քայլաչափի կամ ֆիթնես-թևնոցի տվյալների վրա:
Թեստավորման սկսվելու պահին Bitwalk-դոլար արժույթի մեկ միավորը հաշվին է փոխանցվում յուրաքանչյուր 10.000 քայլի համար: Հաճախորդները կկարողանան այդ փողը ծախսել առցանց-խանութում կամ կանխիկացնել: Քանի որ արժույթը դեռ պաշտոնապես չի թողարկվել, այն փոխարժեք չունի:
Նախագիծն արդեն ավելի քան 10 մլն դոլար ներդրում է ներգրավել: Ներդրողների մեծ մասը ճապոնական ընկերություններ են:
Նախագծի հեղինակներ բրիտանացի Նիսսան Բահարը և Ֆրենքի Իմբեսին ապագայում սպորտային ապրանքներ արտադրողների հետ գործընկերության հույս ունեն:
Bitwalking-ն աշխատանքը սկսել է սահմանափակ թվով երկրներում, հիմնականում՝ աֆրիկյան: Հեղինակների մտահղացմամբ՝ զարգացած երկրներում շարքային օգտատերն ամսական մոտ 15 կրիպտոդոլար կվաստակի, իսկ զարգացողներում՝ մոտ 2 անգամ ավելի:











































