Lenta.ru-ի փոխանցմամբ՝ աստղագետները HD 189733b էկզոմոլորակի վրա հայտնաբերել են այնպիսի քամիներ, որոնց արագությունը կազմում է մեկ վայրկյանում երկու կիլոմետր։ Դա 20 անգամ գերազանցում է Երկրում գրանցված ամենաուժգին քամու արագությունը։
Հետազոտության հեղինակներն իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Astrophysical Journal Letters-ում։ Գիտնականները Չիլիում գտնվող Լա Սիլյա աստղադիտարանից HARPS (High Accuracy Radial velocity Planet Searcher) սարքի օգնությամբ կարողացել են չափել HD 189733b էկզոմոլորակի քամիների բաշխումը և կազմել դրա քարտեզը։
Ավելի վաղ Արեգակնային համակարգից դուրս նույնպես նկատվել են քամիներ, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի արագություն։ HD 189733b էկզոմոլորակը գտնվում է Երկրից մոտ 63 լուսատարի հեռավորության վրա։







































