Քանի որ ԴԱԻՇ-ը դաժանաբար հետապնդում է այլ հավատի հետևորդներին, առաջիկա 10 տարվա ընթացքում քրիստոնեությունը կարող է «ամբողջովին անհետանալ» Մերձավոր Արևելքի որոշ երկրներում: Այս մասին գրում է The Independent-ը՝ վկայակոչելով «Օգնություն եկեղեցուն դժբախտության մեջ» կազմակերպության զեկույցը:
Ուսումնասիրությունը զույց է տվել, որ կրոնով պայմանավորված էթնիկ ոչնչացումների հետևանքով վերջին 2 տարում տարածաշրջանում զգալիորեն կրճատվել է քրիստոնեության հետևորդների թիվը: Դա առավելապես տեղի է ունեցել Իրաքում, Սիրիայում, Նիգերիայում, քանի որ այնտեղ իսլամիստներն ավելի ակտիվ են գործում:
Սակայն վերլուծաբանների տվյալներով՝ քրիստոնեության նվազման մեջ իրենց դերն ունեն նաև տոտալիտար ռեժիմները, օրինակ՝ Հյուսիսային Կորեան, նաև տարբեր կրոնական ուղղություններ ներկայացնող ծայրահեղականները:
Հետազոտողները նշում են, որ եթե Իրաքում քրիստոնյաներին «միջազգային մակրադակի վրա արտակարգ օգնություն» չտրամադրվի, այդ երկրում նրանք կանհետանան արդեն 5 տարի հետո: Ներկայումս Իրաքում մոտ 275 000 քրիստոնյա կա, իսկ հարևան Սիրիայում վերջին 4 տարում նրանց թիվը 1,25 մլնից կրճատվել է մինչև 500 000:










































