Չինաստանի թռչնաբուծական արդյունաբերությունը կորցրել է ավելի քան 10 միլիարդ յուան (1.6 միլիարդ դոլար) թռչնագրիպի համաճարակի նոր բռնկումից հետո, որը սկսվել է երկու շաբաթ առաջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի թռչնավերամշակման արդյունաբերության ազգային ասոցիացիայի աղբյուրին:
Երկրի իշխանությունները ստիպված են եղել սատկացնել տասնյակ հազարավոր թռչուններ և փակել Շանհայի ու Պեկինի թռչնի շուկաները՝ հույս ունենալով այս կերպ կրճատել տարածված վարակը:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ ամեն օր հաղորդվում է վարակի նոր դեպքերի մասին: Xinhua գործակալության տվյալներով՝ ներկա պահին Չինաստանում թռչնագրիպից մահացել է 14 մարդ, վարակվածների թիվը 63 է: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է արևելյան Չինաստանում, որտեղ թռչնամսի օգտագործումը կիսով չափ կրճատվել է: