Հնդկաստանի գործարար և արտիստիկ էլիտան մտադիր է հասնել նրան, որ Մեծ Բրիտանիան վերադարձնի աշխարհի ամենահայտնի ադամանդներց մեկը՝ «Կոհինորը»: Times of India թերթի հաղորդմամբ՝ նախաձեռնող խումբը հայց է պատրաստում Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դեմ նոյեմբերի 12-15-ին Հնդկաստանի վարչապետի՝ Լոնդոն այցի նախօրեին:
«Հնդկական բիզնեսի և լայն հասարակության ներկայացուցիչները մտադիր են վերադարձնել ազգային սեփականությունը՝ աշխարհին հայտնի «Կոհինոր» ադամանդը»,- լրագրողներին ասել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, հայտնի ձեռնարկատեր Դավիդ դե Սոուզան: Նրա խոսքով՝ դա միայն մեկն է մեծաթիվ արժեքավոր արտեֆակտներից, որոնք բրիտանացիները «կասկածելի հանգամանքներում» տարել են Հնդկաստանից:
Դավիդ դե Սոուզան հայտնել է, որ մասնակցում է «առաջիկա դատական գործընթացի» ֆինանսավորմանը և արդեն «բրիտանացի իրավաբանների է ներգրավել հայցի վրա աշխատանքին», որը, ինչպես սպասվում է, բարձրագույն դատական ատյաններ կներկայացնեն «մոտ ժամանակներս»:
«Կոհինորը» համարվում է աշխարհի ամենահայտնի և առավել հին ալմաստներից մեկը: Ըստ լեգենդի՝ այն գտնվել է 5 հազար տարի առաջ Հարավային Հնդկաստանի տարածքում: Քարի առաջին տերը եղել է Արևի Աստծո որդին՝ Կարնան: Հայտնի է, որ մինչև 1304թ. ալմաստը պատկանել է Մալվայի ռաջային:
1526թ. Հնդկաստանը ենթարկվել է սուլան Բաբուրի բանակի հարձակմանը: Սպանված ղեկավարի կինը հաղթողից իր ընտանիքի կյանքը գնել է գանձերով, այդ թվում՝ «Կոհինորով»:
Իր գոյության ընթացքում բազմիցս փոխվել են քարի տերերը, լինելով Պարսկաստանում և Աֆղանստանում՝ այն նորից Հնդկաստան է վերադարձել՝ դառնալով Փենջաբի մահարաջա Ռանջիթ Սինգհի սեփականությունը և Լահորի յուրահատուկ մասունքը:
Ղեկավարի մահից հետո 1846թ. բրիտանացիներն օկուպացրել են Լահորը: Հնդկական կողմը պարտվել է: «Կոհինորը» և այլ թանկարժեք զարդեր անցել են Օսթ-Հնդկական ընկերությանը, որը 1850թ. հուլիսի 3-ին դրանք նվիրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյային, ում հրամանով քարը մշակվել է և 186 կարատից դարձել 108,93-կարատանոց ադամանդ:










































