«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի առաջին պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
– Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որտեղ Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանի օրակարգ: Ինչպե՞ս եք գնահատում այս բանաձևը:
– Այդ զեկույցը չի կարելի համարել զեկույց, և այնտեղ գրված դրույթները որևէ կապ չունեն թե՛ իրականության հետ, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման Մինսկի խմբի պրոցեսի հետ: Դա մի փաստաթուղթ է, որտեղ ամեն մի նախադասությունը որևէ կապ չունի իրականության հետ:
– Ինչպե՞ս կարող էր այսպիսի զեկույց երևան գալ:
– Պատճառները շատ են: Ռուսաստանի հետ Հայաստանի վասալային հարաբերությունները, իհարկե, իրենց դերը կատարեցին: Կարելի է լուրջ ձևով 20 տարի բանակցել եվրոպական ինստիտուտների հետ և մի օրում մի զանգով՝ Ռուսաստանի զանգով, գնալ չնախատեսված այցելության Պուտինի մոտ և գիշերվա ժամերին մի հայտարարություն անել, որը կտրուկ փոխում է Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանը համարվում է Ռուսաստանի, այսպես ասած, քաղաքականության շարունակություն, նույնիսկ մաս՝ ինչ-որ ձևով: Ռուսաստանը Եվրախորհրդարանից դուրս մնաց մի քննարկման հետևանքով, որը Ղրիմի հետ էր կապված: Հիշում եմ իշխանական՝ ՀՀԿ-ական պատգամավորների զեկույցները, որոնցում նշում էին՝ ինչ լավ է, որ Ղրիմը դարձավ Ռուսաստանի մաս, դա կօգնի մեզ ինքնորոշման պրոցեսում: Դեռ այն ժամանակ ես և ցանկացած տրամաբանություն ունեցող մարդ ասում էինք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլ է, իսկ Ղրիմը՝ բացահայտ օկուպացիա է: Ղրիմը զավթվեց բոլոր պայմանավորվածությունների խախտմամբ: Ուոլթերը օգտագործել է Հայաստանի՝ Ղրիմը պաշտպանելու հանգամանքը և Հայաստանի՝ Ռուսաստանի հետ լինելը, և այնտեղ կարողացել է մտցնել Ուկրաինայի հետ կապված՝ հակառուսական տարրը: Նույնիսկ օգտագործում է Մինսկի պրոցեսը, հիմնականում՝ Ռուսաստանի դեմ: ՀՀ պատվիրակության ցանկացած անդամի էլ կարող է ասել. «Կներես, դո՞ւ էիր Ղրիմի մասին խոսում, Ղրիմը օկուպացված է, ուրեմն Լեռնային Ղարաբաղը ևս օկուպացված է»:
– Մեր մեղքը, որպես երկիր, որպես պատվիրակություն, որքանո՞վ է այստեղ:
– Նախ ներկայացնեմ, թե ինչ է նշանակում Եվրախորհուրդ: Եվրախորհուրդը, հատկապես Վեհաժողովը, մի ընտանիք է, որտեղ կոլեգաներն աշխատում են միասին, և այնտեղ կան կորպորատիվ շահեր: Դա մի ակումբ է, որտեղ խոսում են Եվրոպային հուզող խնդիրների մասին: ԼՂ հարցը այդ խնդիրների մեջ հարյուրերորդական է՝ մասնավոր տեսակետից, իսկ մարդու իրավունքների գլոբալ տեսակետից՝ դա շատ կարևոր խնդիր է: Երբ որ փորձում են (կարծեմ ընդդիմադիր պատգամավորներից) մեղադրել արտգործնախարարությանը, որ այսպես եղավ, ես դա չեմ ընդունում: Հայաստանն այնտեղ ունի 8 հոգի, լրիվ բավարար է, որ հիմնական հանձնաժողովներում, ֆրակցիաներում ներկայացնեն: Դրա համար պետք է երկու բան. դու պետք է իրենց համար լինես նույն ընտանիքից՝ եվրոպացի լինես, երկրորդը՝ դու պետք է լեզու իմանաս: Մի՞թե 131 պատգամավորների մեջ չի կարելի գտնել, կամ եթե չունեն, մեկին մտցնել ցուցակի մեջ և անցկացնել հանուն այս նպատակի: Ինչու պետք է անպայման Հանրապետական կուսակցության անդամ լինի, եթե չեք գտնում ՀՀԿ մեջ, ես հիմա անուններ ասեմ, օրինակ՝ Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Այդ մարդիկ կգնան և այնտեղ Հայաստանը կներկայացնեն, նրանք հայտնի են, գիտեն՝ ինչպես պետք է խոսել կոլեգաների հետ:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հասցրեց հայտարարություն տարածել, որ ԵԽԽՎ-ն պետք է ԵԱՀԿ-ի հետ խորհրդակցի ԼՂ վերաբերյալ որևէ բանաձև կամ զեկույց ընդունելուց առաջ: Սա կարո՞ղ է ինչ-որ ձևով կանխել կամ սառեցնել այս գործընթացը գոնե այս փուլում: Նմանօրինակ մի հայտարարություն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ նշելով, որ Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումն այն է, որ ԽՎ-ին վերաբերող խնդիր է, կառավարությունը չի կարող թելադրել կամ վերահսկել, թե ինչ են անում պառլամենտի անդամները, քանի որ նրանք անկախ են: Եվ այս մասին քննարկումներ արդեն ունեցել է իր երկրի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որոնք ասել են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի տիրույթում:
– Ես այդ փորձը ունեմ, ԵԱՀԿ-ի վեհաժողովում, քաղաքական հանձնաժողովում, որտեղ ես ներկա չէի, անցել էր մի բանաձև, որտեղ նշված էր, որ Մերձդնեստրը Մոլդովայի տարածք է, Աբխազիան՝ Վրաստանի և Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածք է: Եվ մենք կարողացել ենք մի գիշերվա ընթացքում, օգտագործելով Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, ներկայացնել այնտեղ պաշտոնական տերմինաբանությունը, որը ընդունված էր Մինսկի խմբում, որտեղ Լեռնային Ղարաբաղը ընդունված կոմպրոմիս էր, նշված չէր ԼՂ հանրապետություն, ԼՂ ավտոնոմ մարզ կամ ԼՂ Ադրբեջանի մաս:
– Եվ այդպես ԼՂ-ն մասնակցում էր որպես երրորդ կողմ հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացում, մինչև 97թ.:
– Մենք ներկայացրեցինք առաջին հերթին զեկուցողին, որ դուք ձեզ վրա պատասխանատվություն եք վերցնում փխրուն զինադադարի խախտման համար: Զեկուցողը չէր կարող իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, և հանձնաժողովի բոլոր անդամներին կարողացել ենք դա հանգիստ ներկայացնել: Իսկ նավթն այն ժամանակ 300 դոլար էր, ոչ թե 45, խավիարն էլ ավելի թանկ էր, այսինքն՝ որևէ բան Ադրբեջանը չկարողացավ անել: Մենք գիշերը հյուրանոցում երևի 40-50 դուռ ենք ծեծել, հանձնաժողովի բոլոր անդամներին գիշերը ժամը 1-ին, 2-ին հորդորել ենք, որ հաջորդ օրը առավոտյան քվեարկություն է լինելու, չքվեարկեն: Այսպես պետք է աշխատես:
– Այսօր այնքան նպաստավոր է այդ իմաստով, Ադրբեջանը Եվրոպայի հետ հարաբերությունների ամենավատ շրջանն է ապրում, ամեն օր հակաեվրոպական և հակաարևմտյան հայտարարություններ են հնչում պաշտոնյաների կողմից: Երեկ Ալիևը հայտարարեց, որ իրենք ցանկություն չունեն ինտեգրվելու Եվրոպային, այսինք՝ նրանք որևէ ձևով չեն կիսում Եվրոպայի համամարդկային արժեքները, և այս փուլում կարող էր մեզ՝ հայերիս համար հնարավորություն ստեղծվել այս ամբիոններում հնարավորինս առաջ մղել մեր շահը:
– Ես ուզում եմ, որ բոլորը մեզ ճիշտ հասկանան, առաջին հերթին այդ պատվիրակության անդամները և ժողովուդը: Մենք այստեղ նստած ոչ թե մատնանշում ենք իրենց թերությունները կամ չարախնդում ենք, այլ իրոք մտահոգված ենք: Ես ինձ վատ եմ զգում, որպես միջազգային էքսպերտ, տարբեր երկրներում աշխատելու ժամանակ, մեկ էլ տեսնում եմ, որ այսպիսի բաներ են կատարվում, որը նվաստացուցիչ է մեզ համար, որ կա մի տեղ, որտեղ կան 24 պատգամավորներ իրոք մտածում են, որ մենք հարձակվել ենք, մարդ ենք սպանել և ուրիշից հող ենք պոկել: Դա պատասխանատվությամբ և որպես պարտականություն դրված է մեր պատվիրակության վրա, և նրանք պարտավոր են դա անել, եթե մենք լինեինք ձեզ հետ, այդ քննադատությունը պետք է մեզ ուղղված լիներ: Հիմա ես փորձում եմ իմ փորձն օգտագործելով օգնել և տեսնում եմ, որ լրագրողն էլ այստեղ իր մտահոգությամբ ուզում է իրավիճակ փոխել, որովհետև քաղաքական հանձնաժողովի զեկույցը դա նախագիծ է, որը պետք անցնի:
Այդ հարցը պետք է քննարկվի Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, ժամանակ կա, և ճիշտ աշխատանքի դեպքում, կարելի է այնպես անել, որ դա չանցնի այնտեղ: Այնպես չէ, որ ադրբեջանցիներն ամեն տեղ գումարներ են բաժանում: Մեղադրանքները, որ հնչում են, որ Եվրախորհրդում ադրբեջանցիները կաշառում են, բաժանում են դոլարներ, խավիար և այլն: Դա շատ բացասական դեր ունի, որովհետև չի կարելի մարդկանց վիրավորել, այնտեղ կարող է մեկ-երկուսը կան, բայց համատարած մեղադրել, նույնիսկ Ուոլթերին չպետք է մեղադրես, ներկայացվում է, որ այնտեղ նրա կինը բիզնես ունի և այլն, եթե փաստեր չունեք՝ մի ներկայացրեք: Այս մարդու հետ դու պետք է աշխատես, դու չես կարող իրեն ասել՝ լսի՛ր, դու ծախված ես, ու դրանից հետո խնդրել, որ ինքը քո առաջարկությունը պաշտպանի, և դա մեծ դեր ունի այնտեղ: Չի կարելի մարդուն վիրավորել, եթե փաստեր ունես՝ ներկայացրու, եթե ոչ՝ թող ուրիշները, ոչ թե դու, որպես հանձնաժողովի և պատվիրակության անդամ, դա ներկայացնեն:
– Օրինակ՝ Արմեն Ռուստամյանը խնդրել էր, որ իրեն Միլլի մեջլիսից տեղափոխեն ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողով: Այդպիսի հակահայ տպավորություն էր նա ստացել:
– Ես գտնում եմ, որ հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը պետք է փոխվի, ոչ թե նրա համար, որ նա վատ մարդ է, թե լավ մարդ է, դա էական չէ, դա իր տեղը չէ, թեկուզև այլ ոլորտում ինքը լավ է մասնագիտացված, բայց այստեղ ինքը չի հասկանում այդ մարդկանց, և այդ մարդիկ իրեն չեն հասկացել: Եվ այստեղ միայն լեզվի պրոբլեմը չէ, ինչքան գիտեմ՝ ինքը չի տիրապետում ո՛չ անգլերենին, ո՛չ ֆրանսերենին: Պետք է այն մարդը ղեկավարը լինի, որն ընդունելի է Եվրախորհրդում՝ իր մենթալիտետով, թեկուզ արևմտամետ, որը նամակով, օգտագործելով նաև Մինսկի խմբի զեկույցը կամ հայտարարություն-հորդորը, որում նշված է, որ խնդրում ենք Ձեզ չմիջամտել այս կոնֆլիկտին, որ արդեն 20 տարուց ավելի է այնտեղ զինադադար է՝ ի շնորհիվ մեր՝ Մինսկի խմբի աշխատանքի, խնդրում ենք մի՛ խանգարեք: Եվ հանձնաժողովի բոլոր անդամներին անհատական իմեյլներ ուղարկել՝ դիմելով անունով: Գումարներ ծախսել ոչ թե այլ գործուղումների վրա, այլ ինչու չէ, ծախսել և գնալ հեղինակություն ունեցող անդամների մոտ: Եվ պետք է գնան այն մարդիկ, ովքեր խոսում են առանց թարգմանչի, ոչ միայն լեզվի տեսակետից, այլ նաև գիտեն՝ ինչպես պետք է խոսել:
– Այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:
– Այս իրավիճակում ես տեսնում եմ բացասական և դրական որոշ բաներ: Սկսեմ բացասականից: Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները և Ռուսաստանի զենք վաճառելն Ադրբեջանին, իհարկե, բացասական է: Բացասական է նաև այն հանգամանքը, որ այսօր ԱՄՆ-ը և Ռուսաստանը գտնվում են սառը պատերազմում, և Ռուսաստանը մեկուսացված է: Կա նաև դրական գործոն, որը պետք է օգտագործել, դա այն է, որ տարածաշրջանը այնքան կոնֆլիկտային է, պատերազմական իրավիճակում է, և այնքան լարված է իրավիճակը, որ աշխարհը կուզենար, որ այստեղ գոնե մի կղզի լիներ, իսկ այդ կղզին Անդրկովկասն է, որ գոնե այստեղ խաղաղություն լիներ, և Թուրքիան էլ ավելի ոչ ագրեսիվ լիներ այս տարածաշրջանում: Դրական է այն, որ Իրանը բավականին առաջ է գնում իր հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ և տարածաշրջանի ստաբիլությունը կօգնի, որ գոնե այստեղ չեն օգտագործի իրենց ուժերը:
– Հայկական դիրքերը այս գործընթացում ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են անվտանգության այն համալիր անհրաժեշտ կոմպոնենտներն օգտագործվում, որ կարող էր լինել մեր զինանոցում և ամրապնդել մեր դիրքերը՝ հաշվի առնելով իրանական գործոնը, այս եռացող բոլոր գործոնները:
– Ինձ թվում է, որ Հայաստանում բացի ձեզնից, ինձնից և մի քանի հասարակական կազմակերպություններից՝ ոչ ոք այս մասին չի խոսում, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը զբաղված է սահմանադրական, այսպես ասած, բարեփոխումներով, բոլորը սպասում են ինչ-որ մի դեկտեմբերի, հետո նոր մոդելի և այլն: Ես չեմ տեսնում այսօր քայլեր այդ ուղղությամբ, որ Հայաստանը կարող էր գործոն դառնալ: Մի օրինակ բերեմ. այսօր Եվրոպայում միգրանտների հարցն է քննարկվում, քվոտաներ են որոշվում, և այնտեղ Հայաստանը չկա: Հայաստանը զբաղվում է Ուոլթերի բոյկոտով և մեղադրանքներով՝ նավթադոլարների և այլն: Բայց ձեզ մի թիվ ասեմ, որ արդեն կարելի է խաղալ այդ թվի վրա. Հայաստանը ավելի շատ է ընդունել փախստականներ (անկախ այն բանից՝ նրանք հայ են, հայ չեն), Սիրիայի քաղաքացիներ, քան թե քվոտայով Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան՝ միասին վերցրած: Եվ նրանք այսօր խոսում են ֆինանսական հարցերի մասին, ինտեգրացման, սոցիալական օգնության մասին, և Հայաստանը այնտեղ չէ: Հայաստանը կարող էր դա ներկայացնել, այսօր այդ մարդիկ ինտեգրացվում են մեր հասարակության մեջ:
– Եվ անհրաժեշտ է, որ այդ աջակցությունը հնարավորինս սահուն անցնի:
– Սրանով դառնում ես Եվրոպայի ընտանիքին հուզող թեմաներից մեկի քննարկման մասնակից: Հայաստանը Իրանի հետ կարողացել է պահել լավ հարաբերություններ այն ժամանակ, երբ Իրանը մեկուսացման մեջ էր, և Հայաստանին դա ներում էին այն ժամանակ, նույնիսկ ԱՄՆ-ն և Արևմուտքը ներում էին Հայաստանին: Իսկ այսօր Իրանը փորձում է դուրս գալ միջազգային ասպարեզ և օգտագործել ցանկացած խողովակ, և Հայաստանը պատրաստի ճանապարհ է դեպի Եվրոպա: Ոչ ոք սրա մասին չի խոսում: Այն գազային պայմանավորվածությունները, որ նախկինում եղել են՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա, ասօր շատ ակտուալ են Եվրոպայի համար: Իհարկե այստեղ Ռուսաստանը կարող է նեղանալ, բայց թող նեղանա: Ռուսաստանը այսօր իր վարած քաղաքականության զոհն է, մենք ի՞նչ մեղք ունենք այստեղ:
– Դե չի ուզում միայնակ զոհվել:










































