Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը մասշտաբային գործողություն են իրականացրել Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում և մասնավորապես Բուզուլի, Իքյայաքայի լեռներում, Դոսկի հովտում։
Այդ տարածաշրջանում մարտերը սկսվել էին դեռ սեպտեմբերի 27-ին։ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները, օգտվելով մոտ երկամյա հրադադարից, այդ շրջանում կառուցել են մեծ թվով ամրություններ ու սղնախներ։
Դրանք գտնվում են ծովի մակարդակից 2500-3500 մետր բարձրության վրա։ Այն համարվում էր անառիկ և PKK-ն նպատակադրվել էր տվյալ տարածշրջանը հռչակել որպես «ազատագրված գոտի»։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերն այն վերածել են PKK-ի գերեզմանոցի։ Մարտերի ժամանակ զոհվել է 6 թուրք զինծառայող։ Թուրքական կողմը հայտնել է քարանձավներում մեծ քանակությամբ զենք և զինամթերք հայտնաբերելու ու առգրավելու մասին։









































