Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու եղբոր՝ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու հետ: Նա ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել նախագահի մահվան կապակցությամբ՝ ասելով, որ ի դեմս նրա՝ Վրաստանը միջազգային արենայում կորցրել է նվիրյալ ընկերոջ և ուժեղ կողմնակցի:
«Ռուսները Լեխ Կաչինսկու համար օդային տարածք չբացեցին, բայց նա, միևնույն է, եկավ՝ չնայած Պուտինը սպառնացել էր ռմբակոծել ակցիան: Հենց այդ ժամանակ նվաճողները հասկացան, որ չեն կարող իրենց նպատակին հասնել»,- Սաակաշվիլիի խոսքերը մեջբերում է «Վրաստան Online»-ը:
Սաակաշվիլին ևս մեկ անգամ վերհիշել է հանգուցյալ նախագահի ծառայությունները ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ ամենածանր պահերին նա կանգնած էր վրացի ժողովրդի կողքին:
Վրաստանի նախագահը հայտարարել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ասել է, որ Ռուսաստանի նպատակը Վրաստանի լիակատար ոչնչացումն է: