Սիրիայում ցուցադրաբար մահապատժի են ենթարկել «Ալ Գուրաբա» խմբավորման 17 զինյալների, որոնք փորձել են լքել ռազմական գործողությունների շրջանը, հայտնում է Vesti.ru-ն: Մահապատիժը նկարահանվել է տեսանյութում:
Ռուսական Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի խոսքերով` Սիրիայի շրջանների մեծ մասում, որտեղ այժմ մարտեր են ընթանում, երբեմնի լավ պատրաստված ավազակային խմբավորումները դարձել են անղեկավարելի զորք:
«Որպեսզի կանգնեցնեն դասալիքների հոսքը, ահաբեկիչների ղեկավարները դիմում են աննխադեպ դաժան միջոցների: Մենք արդեն վարժվել ենք, որ զինյալները մահապատժի են ենթարկում գերիներին ու պատանդներին: Վերջին դեպքը Դամասկոսի արվարձանում «Ալ Գուրաբա» խմբավորման 17 զինյալների մահահապատիժն էր, որոնք ջանացել են լքել ռազմական գործողությունների գոտին և անցնել Հորդանան»,- ասել է Կարտապոլովը:









































