Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը խոսել է Ռիոյի ուղեգրի մասին:
«Մրցաշարի մեկնարկից առաջ ինձ այդքան էլ լավ չէի զգում: Նույնիսկ այստեղ գալուց հետո դրական փոփոխություն չկար: Երևանում մոտ մեկ շաբաթ չէի մարզվել և Գլազգո գալուց հետո միայն սկսել եմ նորից մարզվել: Միայն աշխարհի առաջնության մեկնարկից 3 օր առաջ նոր ինձ ավելի լավ էի զգում:
Այդ բաց թողած մեկ շաբաթը ինձ ինչ որ տեղ հետ գցեց: Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»,-ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դավթյանի խոսքերը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը:
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամուլի ծառայության










































