«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով 16 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությանը, նշեց. «Գործը ինչ-որ ժամանակ կբացահայտվի, դա կախված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից: Չեմ կարծում, որ ոճրագործները հենց թելադրված մարդիկ էին, ըստ երևութին՝ ինչ-որ մի ծիրում, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ: Նման իրողությունները քաղաքական կամքով չեն բացահայտում, իրավական փաստարկներով են բացահայտվում, որը չունենք: Եթե հնարավոր լիներ, կբացահայտվեր, դրա համար ոչ միայն մարդկային ռեսուրսներ են պետք, այլ նաև մեծ զինանոց պիտի ունենանք՝ փոխաբերական իմաստով, որպեսզի հնարավորինս փնտրենք, գտնենք, ոչ թե դատողություններով առաջնորդվենք: Հայաստանի հզորությունը անպայման կգտնի մի պահ. Հայաստանը բավարար հզոր կլինի, երբ մեր ազգային խնդիրները լուծված կլինեն, բայց դեռևս լուծված չեն:
Հոկտեմբերի 27-ից ստացած պատմական դասն, ըստ Աժ նախագահի, այն է, որ ազգը պետք է կարողանա ավելի համախմբվի, իշխանությունները պիտի ավելի մեծ վտահություն ունենան հասարակության մեջ, և հասարակությունը պիտի պատրաստ լինի ցանկացած խնդրում աջակցել պետությանը:








































