Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում առեղծվածային գնդի տեսանյութը, որը նկարահանվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի երկնքում՝ հայտնում է Daily Mail-ը:
Հոլովակը YouTube-ում տեղադրվել է երկու շաբաթ առաջ և արդեն հավաքել կես միլիոն դիտում: Տեսանյութի հեղինակը Ֆլորիդայից Մելիսա Հաֆմանն է: Նա գրում է, որ զբոսանքի ժամանակ երկնքում Արևից ոչ հեռու նկատել է առեղծվածային կրակե գունդ: Մելիսան նկարել է նաև լուսինը՝ ապացուցելու համար, որ այդ ժամանակ այն գտնվել է Երկրի մյուս մասում:
Տեսանյութը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել: Որոշ օգտատերեր, այդ թվում՝ հոլովակի հեղինակը, համարում են, որ դա Նիբիրու առասպելական մոլորակն է, որը անվանում են նաև X մոլորակ:
Նիբիրուն անտեսանելի մոլորակ է, որը թափառում է Արեգակնային համակարգում: Որոշ հետազոտողներ պնդում են, որ դա նկարագրված է հին շումերական ձեռագրերում: Նրա խորհրդանիշը համարվում է թևավոր սկավառակը, ինչը հանդիպում է Հին Արևելքի ժողովուրդների առասպելաբանությունում: Իբր թե հենց այնտեղ են բնակվում գերզարգացած բանական արարածները:
Ի դեպ, Նիբիրու մոլորակի մասին գիտական ապացույց չկա, չնայած գիտնականները դրա որոնմամբ զբաղվում են արդեն մի քանի հարյուրամյակ:








































