Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը և դիմելով արդեն նախկին կառավարության անդամներին, հայտարարեց.
«Մեծարգո պարոն վարչապետ և կառավարության անդամներ ընդունելով կառավարության հրաժարականը, ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Ես համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ: Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, որ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատել եք բարդ պայմաններում և լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ: Դուք դիմագրավել եք մարտահրավերներին, և դա Ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին և վստահ եմ, որ ծառայելու եք մինչև Ձեր խոր ծերություն, որովհետև կոչումը ծառայել ժամանակավոր չի լինում, որովհետև ծառայել ձեզ համար, մեր բոլորիս համար նշանակում է ապրել: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի, որ անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով Ձեր լավագույն ավանդույթները անպայման կկատարի իր առջև դրած խնդիրները: Իսկ դրանք բազմազան են: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և հաջողություն եմ մաղթում»:
Այնուհետև Ս. Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականի հրամանագիրը և խնդրեց կառավարության անդամներին ժամանակավորապես պաշտոնավարել, մինչև նոր կառավարության կազմավորումը:
Նշենք, որ հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:









































