Մոնտանա նահանգը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, որն օրենսդրորեն թույլատրել է վարորդներին պատրաստել և ուտել ճանապարհներին վրաերթի ենթարկված կենդանիների միսը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Օրինագիծն ընդունվել է նահանգային օրենսդիրների ճնշող մեծամասնությամբ: Մոնտանայի նահանգապետն արդեն ստորագրել է օրենքը:
Օրինագիծը նահանգային խորհուրդ մտցրած օրենսդիր Սթիվ Լավինն ասել է, որ այդ գաղափարը ծնվել է գյուղական վայրի ավտոճանապարհով անցնելիս, որի երկայնքով բազմաթիվ կենդանիների մարմիններ են ընկած եղել:
Օրինագծին աջակցող սենատոր Լարի Ջենթի խոսքերով՝ լավ միսը կորցնելը մեղք է:
Նշվում է, որ օրինագծի նախնական խմբագրման մեջ ներառված են եղել վայրի կենդանիների բոլոր տեսակները, սակայն մտավախությունների ֆոնին, թե դա կարող է թանկարժեք մորթի և միս ունեցող կենդանիների ոչնչացման խթան հանդիսանալ, հեղինակները խմբագրումը սահմանափակել են եղնիկներով, եղջերուներով ու այծքաղներով:








































