Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը մոտ ժամանակներս կսկսեն միջին հեռահարության հյուսիսկորեական հրթիռը «որսալու» լիարժեք նախապատրաստությունը: Այդ հրթիռի արձակումը սպասվում է հաջորդ մի քանի օրերին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ճապոնական «Կիոդո» գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հաջորդ երկու օրերին պետք է տա ճապոնական տարածքներին ուղղված սպառնալիքի դեպքում հրթիռը «որսալու» հրաման: Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման շանսերը գնահատում է ոչ շատ մեծ, սակայն ընդգծում է, որ պատրաստ կլինի Փխենյանի կողմից ցանկացած անսպասելի գործողության:
Հրամանի արձակումից հետո երկրի ինքնապաշտպանական ուժերը հարվածային դիրքի կբերեն մարտական նավերը, որոնք զինված են լրտեսման «Իջիս» համակարգով և մեծ հեռահարության SM-3 հրթիռներով:
Ուրբաթ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության երկու հրթիռ է տեղակայել երկրի արևելյան ափին: Ճապոնիան չի բացառում, որ հրթիռները Հյուսիսային Կորեայի կողմից կարող են արձակվել ուժի ցուցադրման նպատակով:







































