«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Գյումրու համայնքի ավագանու առաջիկա նիստին քննարկվելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքը՝ ուղղված Գյումրու քաղաքապետին` Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին պատկանող փոխադրամիջոցների ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի համար նախատեսված գույքային վարումները, որը կազմում է 44650 ՀՀ դրամ, զեղչելու մասին, նկատի ունենալով Շիրակի թեմի ֆինանսական խնդիրները:
Այն, որ հիշյալ գումարը այնքան էլ մեծ թիվ չի կազմում, որի ընդառաջման համար անհրաժեշտություն լիներ անպայման համայնքային ավագանու հավանությունը, պարզ է ինքնին, ու հարց է, թե միայն աշխատակարգային ընթացակարգը պահելու համա՞ր է այս փոքր հարցը դրվել ավագանու նիստի քննարկմանը, թե՞ կան այլ պատառներ ևս:
Այնուամենայնիվ, ուշագրավն այն է, որ Շիրակի թեմը, որը հայաստանյան հնագույն ու ամենից կազմակերպված թեմերից է, ունի ֆինանսական խնդիրներ: Բացառապես բնակչության նվիրատվություններով ապրող եկեղեցական կառույցի ֆինանսական խնդիրների մասին նույնիսկ հպանցիկ լրառությունն ինքնին պարզում է պատկերը. թեմում կան ֆինանսների հետ կապված խնդիրներ, որովհետև պակասել է մոմի վաճառքը, ծիսակատարությունները, իսկ սա արդեն ուղղակիորեն կապված է մարզի ու քաղաքի բնակչության թվի նվազման ու, ինչու չէ, նաև Շիրակի թեմի մասնատման ու վերջինիս մի մասի հիման վրա Արթիկի թեմի ձևավորման հետ:
Եվ այստեղ հարց է առաջանում, թե կընդառաջի՞ արդյոք Գյումրու ավագանին Սրբազանի խնդրանքին:











































