Մեծ Բրիտանիայի տարածքում ապրող տղամարդկանց մոտ 75%-ը և կանանց 62%-ը մինչև 2025թ. կտառապեն ճարպակալության կամ ավելորդ կիլոգրամների ծայրահեղ ձևերից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են գիտնականները Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիայի ամենամյա զեկույցում:
Այս հանգստյան օրերին Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիան՝ ճարպակալման համաճարակի տարածմանը հետևող գիտնականների միությունը նոր զեկույց է հրապարակել աշխարհում ավելորդ կիլոգրամների հետ կապված ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և կանխատեսումներ է ներկայացրել առաջիկա 10-15 տարվա համար:
Աճում է ոչ միայն գեր մարդկանց թիվը, այլև նրանց պոպուլյացիայի աճի արագությունը: Երկրի վրա ավելորդ կիլոգրամներով մարդկանց թիվը, ըստ ընթացիկ տարվա կանխատեսման, մինչև 2025թ. կհասնի 2,7 մլրդ-ի: Այդ գնահատումներով՝ ճարպակալման ծայրահեղ ձևերով մարդկանց թիվը այդ ընթացքում կհասնի 17%-ի, իսկ ավելորդ քաշով մարդկանց թիվը՝ մոտ 46%-ի:
Դրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ գազավորված և քաղցր ըմպելիքների սպառման մակարդակը վերջին 10 տարում աշխարհում աճել է միջինում մեկ երրորդով, նաև Մեծ Բրիտանիայի քաղաքային բնակչության շրջանում նստակյաց և քիչ ակտիվ կենսակերպի տարածվածությունը:
Սրա հետ կապված՝ Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիան Բրիտանիայի և ԵՄ իշխանություններին կոչ է արել հարկեր սահմանել քաղցր ըմպելիքների վրա և բարենպաստ պայմաններ ստեղծել ցածր կալորիական և օգտակար սննդի արտադրության համար:







































