Շաբաթ օրը Ալմաթիում Իրանի պատվիրակության ներկայացուցիչները «վեցյակ»-ի բանակցություններում անցկացնում են երկկողմ հանդիպումներ միջազգային միջնորդների հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով իրանցի դիվանագիտական աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով` Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին շաբաթ առավոտյան բանակցություններ է վարել ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
«Ներկա պահին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղիրին երկկողմ բանակցություններ է անցկացնում Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչների հետ»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ակնկալվում է, կողմերը նախատեսում են բանակցություններն ավարտել այսօր: Իրանի պատվիրակության ներկայացուցիչների խոսքերով` Թեհրանի պատվիրակությունն արդեն հետդարձի տոմսեր է պատվիրել:










































