Կուբան Մարիել նավահանգստում կբացի երկրում առաջին ազատ տնտեսական գոտին: Այս մասին տեղեկացրել է Կուբայի կառավարության պաշտոնական թերթը՝ Gaceta Oficial-ը:
Ֆինանսների և գնակարգավորման նախարարության որոշման համաձայն՝ «այս գոտում աշխատող ընկերությունների համար սահմանվում է հատուկ մաքսային ռեժիմ, որը նրանց կազատի նաև որոշ ապրանքների ներմուծման հարկերից»: Բացառված չէ, որ այդ ապրանքները կվերաարտահանվեն ավելացրած բարձր գնով, փոխանցում է РИА Новости-ն:
Արդեն այս ամիս ուժի մեջ մտնող ազատ տնտեսական գոտու հնարավորություններից օգտվել կարող են Կուբայի տարածքում գրանցված բոլոր իրավաբանական անձինք: Կուբայական ԶԼՄ-ները նշում են, որ Մարիելը կդառնա մեգանավահանգիստ, ուր ժամանակի ընթացքում Հավանայից կտեղափոխվի ծովային ազգային առևտրի հոսքը:
Արտաքին ներդրումների և միջազգային առևտրի նախարար Ռոդրիգո Մալմիերկան հայտարարել է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կիրականացվի կոմկուսի տնտեսական քաղաքականությանը համապատասխան:
Մարիելի կառուցապատման մեջ Կուբայի կառավարությունը 260 միլիոն դոլար է ներդրել: Այս օբյեկտի ենթակառուցվածքների մեջ գրեթե երեք անգամ ավել ներդրումներ է կատարել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունը: Վերլուծաբանների կարծիքով՝ նավահանգիստը կնպաստի ԱՄՆ-ի հետ առևտրի կտրուկ աճին:










































