Հայտնի ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդյեի գործով նոր լսումները տեղի կունենան ապրիլի 5-ին՝ Փարիզի ուղղիչ դատարանում: Նրան մեղադրում են անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Անձամբ 64-ամյա դերասանը դատական նիստերի դահլիճում ներկա չի գտնվի. փաստաբան Էրիկ դե Կոմոն է լիազորված ներկայացնելու նրա շահերը: Փաստաբանի խոսքով՝ ներկայում նրա պաշտպանյալը նկարահանումների նպատակով գտնվում է ԱՄՆ-ում և չի կարող դատավորների հետ հանդիպման համար Փարիզ ուղևորվել:
Փաստաբանն ասել է, որ Դեպարդյեն չի կարող պատասխանատու լինել նկարահանումների ժամկետի համար: Ներկայում նա նկարահանվում է Աբել Ֆերերայի ֆիլմում, որը նվիրված է ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կաննի շուրջ ստեղծված սկանդալին: Փաստաբանը հստակեցրել է, որ նա դեռ մի քանի շաբաթ կգտնվի Նյու Յորքում:
Դերասանի դեմ վարչական գործով լսումները կապված են փոքր վթարի հետ: Նա ոստիկանների կողմից ձերբակալվել էր այն ժամանակ, երբ Փարիզի խաչմերուկներից մեկում ընկել էր իր մոտոցիկլետից: Պարզվել էր, որ նա անսթափ վիճակում է: Իրավախախտման համար աստղին սպառնում է 4500 եվրո տուգանք, վարորդական իրավունքի զրկում կամ երկու տարի ժամկետով ազատազրկում:










































